вторник, 18 октября 2016 г.

Հովհաննես Թումանյանի կենսագրությունը

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում[5]:
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու  նորաբաց երկսեռ դպրոցում[9]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատuել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ։
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ ՊռոշյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.:
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։
1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

Թումանյանը կնոջ հետ:
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է[10]:

Ակսել Բակունցի կենսագրությունը

Ծնվել է 1899 թվականին, հուիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է <<Զանգեզուր>> և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։

воскресенье, 16 октября 2016 г.

Կենսաբանություն Աչք

Աչքը (լատ.՝ oculus) տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինն է: Այն կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից: Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը:
Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից: Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներին աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում է արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մակերեսները, տաքացնում աչքը: Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին երեսները: Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մենք կարողանում ենք փոխել հայացքի ուղղությունը:
Ակնագունդը գտնվում է գանգի ակնակապիճում: Արտաքինից ակնագունդը պատված է սպիտակուցային թաղանթով, որը նրան տալիս է որոշակի ձև, պաշտպանում քիմիական, մեխանիկական ներգործություններից, օտար մասնիկների և մանրէների ներթափանցումից: Սպիտակուցային թաղանթն աչքի առջևի մասում շարունակվում է որպես թափանցիկ եղջերաթաղանթ, որն անցկացնում է լույսի ճառագայթները: Սպիտակուցային թաղանթի տակ գտնվում է արյունատար անոթներով և նյարդերով հարուստ անոթաթաղանթը, որի միջին մասը կազմում է թարթչային մարմինը, իսկ առջևի մասը՝ ծիածանաթաղանթը: Այն գտնվում է եղջերաթաղանթի դիմաց և կարող է տարբեր գույն ունենալ, որը պայմանավորված է նրանում պարունակվող գունակի քանակով ու տեղաբաշխումով: Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը: Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ: Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում:
Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին: Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն: Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է: Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով:
Ակնագնդի ներքին թաղանթը կոչվում է ցանցաթաղանթ: Այն աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք: Ցանցաթաղանթում գտնվում են լուսա-գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ: Լուսաընկալիչները կառուսցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են: Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը:
Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում: Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը: Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց: Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը: Ցանցաթաղանթից նար դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ:

Վահան Տերյան բանաստեղծություններ

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

 Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…                                                                                                                                                          
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ 
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ... 

Ակսել Բակունց

                                                         
             Խոնարհ աղջիկը          
 Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել էր ձիերի մուգ-կապույտ վիզը։
Արահետն օձապտույտ ոլորվում էր։ Ինչքան հեռանում էինք գյուղից, այնքան ավելի խտանում էր անտառը, հանդիպում էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը և փշերև չծակծկեին։
Լուռ էինք։ Ես մտրակի ծայրով զարկում էի ծառերի տերևներին, պոկում տերևները կամ թափահարում ծառի կախ ընկած ճյուղերը, և գիշերվա ցողը անձրևի նման թափվում էր ձիու վրա, ինձ վրա։
Ընկերս կամաց սուլում էր մի երգ և ձիու քայլերի համեմատ թամբի վրա օրորվում։
— Այս կածանով տասներկու տարի առաջ գնացի Ձորագյուղ,— ասաց ընկերս։ Թվում էր, թե ինքն իրեն էր խոսում։
Նայեցի նրան։ Ժպտում էր. կարծես միտն էր ընկել մի երջանիկ դեպք, որին ականատես են եղել արահետը և հին անտառը։
Ես հարցրի, թե ո՞ր քամին էր նրան շպրտել հեռու ձորերում ընկած այն գյուղը։
— Հենց այդ օրը բանտից նոր էի դուրս եկել։ Տասնյոթ-տասնութ տարեկան երիտասարդ էի։ Այնքան եռանդ ունեի աշխատելու և այնպիսի կորով… Եթե մնացած լինե՜ր այդ երիտասարդությունը։
Արահետը վերջացավ և անտառի խորքում խառնվեց ավելի լայն ու փափուկ ճանապարհի, որ գալիս էր գետերի հովիտներից։ Ձիերը կանգ առան, խոր չնշեցին և ապա շարունակեցին քայլերը։
— Գիտես, երբեմն մարդու հիշողության մեջ մի դեմք այնպես է մեխվում, որ տասնյակ տարիներ հետո էլ հիշում ես նույնքան պայծառ, ասես երեկ ես տեսել։ Մարդ մոռանում է անունը, տեղն ու տարին, թե երբ է տեսել այդ գլուխը, աչքերը, կարծես մինչև մահ-գերեզման անշնչելի պիտի մնա այդ առաջին տպավորությունը։
Նա ինձ չթողեց, որ հարցնեի այդ դեպքի և նրա անջնջելի տպավորության մասին, որ այդ րոպեին լույս էր տալիս նրա հիշողության մեջ, ինչպես արևի ոսկե շողը՝ ծառերի մթնում։
— Շատ պարզ հիշում եմ այն օրերը, երբ որոշեցի Ձորագյուղ գնալ։ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ։ Եվ սիրով ընդունեցի բարեկամիս առաջարկը՝ ուսուցիչ լինել այդ հեռու գյուղում։ Երկու միտք ինձ ոգևորում էր։ Նախ՝ որ ոչ մի աչք չի հետևի, հետքերս չի փնտրի, և երկրորդ՝ գյուղում պիտի աշխատեի։
Երբ որ դպրոցների տեսուչն ինձ պատմեց Ձորագյուղի մասին, թե տեղն անառիկ է, օդը լավ, կողքին մթին անտառներ կան, որտեղ առատ է որսը, ես իսկույն համաձայնեցի։ Կարծեմ նույն օրն էլ ճանապարհ ընկա։
…Ձմռան սկիզբն էր, ձյունը նոր էր եկել։ Գիշերը հասանք հենց այս արահետին և բաժանվեցինք անտառի գլխավոր ճանապարհից։ Լուսնյակի տակ ձյունը շափաղ էր տալիս, ասես սպիտակ մարմար էր, որի մեջ արտացոլում էին ծառերի սև բները։ Ձորագյուղի ձիապանը արահետի գլխից մատը մեկնեց ներքևի ձորը.
— Հրեն է՜, մեր գյուղը:
Ձյունի սպիտակության վրա վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր։ Գյուղի տներն էին, խոտերի և աթարի դեզերը։ Մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ։ Մի քիչ իջանք լանջով, և լսելի եղավ շան զրնգան հաչոցը, որ անտառում արձագանք էր տալիս, ինչպես կացնի զարկերը։
— Էն մեր Բողարի ձայնն է,— ասաց ձիապանը։ Ձին էլ կարծես հասկացավ, որ գյուղը մոտ է, որ Բողարն է հաչում, և քայլերն արագացրեց։
Իսկ ինձ թվում էր, թե գնում եմ շատ հեռու երկիր, որի մասին հեքիաթի պես պատմում էր աշխարհագրության դասատուն։ Մանուկները հաճախ ցնորում են հեռավոր երկրների մասին, ուր կարմրամորթ մարդիկ են ապրում, ծառերի վրա՝ գույնզգույն փետուրներով թռչուններ։ Եվ երբ նրանք տնից հեռանում են, նրանց թվում է, թե շատ մոտ է ցնորքի այդ աշխարհը։
Ես էլ այդպես էի մտածում, թեև արդեն պատանի էի։ Երևի անտառն էր այդպես տրամադրում, ձմեռային գիշերվա վեհությունը, քարաժայռերի անձև կերպարանքը և այն անորոշ ձայները, որ գալիս էին ձորերից ու անտառից։ Գուցե և հոգնածությունն էր մշուշել իմ գիտակցությունը։ Չեմ հիշում, միայն գիտեմ, որ առաջին անգամ Ձորագյուղ գալը դարձավ իմ կյանքի լավ գիշերներից մեկը։
Ձիապանն ինձ տարավ իրենց տունը։ Ինչպե՜ս անուշ մրափեցի թոնրի մոտ, քուրսու վրա։ Բավական ուշ աչքս կիսաբաց արի ու նայեցի երդիկին։ Ձմռան գիշերից մի քիչ դեռ կար։ Ես նորից փաթաթվեցի վերմակի մեջ, ոտքերս կախեցի տաք մոխրի վրա, և քնի ու երազի սահմանում օրորվեց անիրական աշխարհը։
Ամաչեցի, երբ աչքերս բաց արի։ Վաղուց զարթնել էին մյուսները և սպասում էին ինձ, որպեսզի թոնիրը վառեն։
Դուրս եկա, բակից տեսա գյուղը, գիշերվա մեր ճանապարհը։ Հավաբնի մոտ Բողարը հաչեց ինձ վրա։ Նրա հաչոցն այլևս ահավոր արձագանք չուներ, և ոչ էլ կախված ժայռերն էին տձև։ Ձյունի վրա, կտուրների կարասների վրա շողում էր ձմեռվա նարնջագույն արևը՝ երդիկներից ծուխ էր բարձրանում։
Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը` Օհան ապերը, նախապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ձմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից։ Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը:
Տանը չորս հոգի էինք։ Ես, Օհան ապերը, նրա պառավ կինը և տասը տարեկան Աշոտը, որ հավատարիմ ընկերս էր, երբ գնում էինք դպրոց, որովհետև շները դեռ ինձ վարժ չէին, հաչում էին կտուրներից և հետևի ոտքերով ձյուն մաղում ինձ վրա։
Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա։ Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր։ Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատից գրատախտակը։ Անսվաղ պատերին ուրիշ ոչ մի զարդ չկար։ Պատուհաններին ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ։
Միակ ժամացույցն ինձ մոտ էր։ Մի օր էլ բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցը փշրվեց և մինչև տարվա վերջը մնացի առանց ժամացույցի։ Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թխպած ժամանակ՝ երբ հոգնեինք։
Երկու շաբաթ հետո քառասունի չափ իմ աշակերտներին անունով էի կանչում, շատերի տունը գիտեի, ոմանց ծնողներին ճանաչում էի։ Ժիր երեխաներ էին, բոց աչքերով, և այնքան արագ ընտելացանք իրար։
Օրապահի զանգին ես իջնում էի տան սանդուղքով, բլրակի գլխին չհասած տեսնում էի դպրոցի առաջ խմբված երեխաներին։ Խմբով էլ ներս էինք մտնում։
Դասերից հետո ես համարյա միշտ տանն էի։ Օհան ապերը գնում էր գոմը՝ տավարին ապուռ տալու։ Աշոտը մարագից քթոցով դարման էր կրում, պառավը վառում էր օջախը կամ լվանում ընթրիքի ձավարը։ Օհան ապոր չոր ցախերը դարսում էի բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները, ինչպես կրակի լեզվակները կայծերը թռցնում էին երդիկով։
Մութն ընկնելուց գալիս էին Աշոտն ու Օհան ապերը, տրեխները հանում և նստում կրակի մոտ։ Եվ մինչև պառավը ձավարի ճաշը եփեր, Օհան ապերը սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ես և Աշոտը երբեմն խանգարում էինք նրա քունը։
— Հա, ո՞րտեղ մնացի,— արթնանում էր և, մինչև մենք հիշեցնեինք, գանգատվում էր.
— Պառավել եմ, քունս շուտ է տանում։— Եվ շարունակում էր կիսատ պատմությունը։
Ես ուշադիր լսում էի ընկերոջս, և թեպետ ծառերը դարձյալ ճյուղերը կախել էին ճանապարհի վրա, բայց այլևս մտրակով չէի պոկում նրանց տերևները։ Արևը բավական բարձրացել էր, ցողի կաթիլները գոլորշիացել էին։
— Ձորագյուղում մի որսորդ կա, վիզը ծուռ Անտոն են ասում։ Հիմա էլ մնում է, թեպետ բավական ծեր է։ Նրա աչքերը լավ չեն տեսնում, դրա համար էլ որսի չի գնում։
Նրա մասին Օհան ապերը շատ էր պատմում։ Անտոնը մի անգամ անտառում արջի հետ է կոխ կացել, արջը ջարդել է նրա հրացանը, կռացել է, որ գերանը վերցնի Անտոնին խփելու, բայց նա սպանել է արջին։ Օհան ամին պատմում էր, թե ինչպես է նա բնում աղվեսին բռնել։
— Իրեն որ տեսնես կզարմանաս։ Լղար, բոյը կարճ, վիզն էլ ծուռ։ Կասես, որ բամփես գլխին, տափին կփակչի,– ասում էր Օհան ապերը նրա մասին։
Ես մտքումս դրել էի նրա հետ որսի գնալ, թեև մինչ այդ որս քիչ էի արել։ Պառավը խոստացավ խնդրել հարևանի կայծքարով հրացանը։
Հենց հաջորդ կիրակի, առավոտ կանուխ, երբ երդիկներից դեռ նոր էր բարձրանում ծուխը, ես և Անտոնը բռնեցինք անտառի ճանապարհը։ Այդ օրը ես չորս անգամ կրակեցի: Կրակոցից ծառի ճղներից ձյուն թափվեց, բայց իմ վառողը չխանձեց ոչ մի աղվեսի մորթի։
Անտոնը սիրտ էր տալիս, թե առաջին անգամ այդ էլ շատ է։ Բայց ես տեսնում էի նրա ծաղկատար դեմքի խորամանկ ժպիտը։ Ինքը մի ծեր աղվես սպանեց և երկու մոշահավ։ Ծեր աղվեսն այնքան չարչարեց մեզ։
Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց։ Վրա վազեցինք, աղվեսն ատամները կրճտացրեց, պոչը կոխեց հետևի ոտքերի արանքը և փախավ։ Ձյունի վրա մնացին նրա հետքերը և արյան շիթեր։ Մի քանի տեղ ուժասպառ ընկել էր, արյունն ավելի շատ էր հոսել, և ձյունի վրա թափվել էին մորթու մազերը։
Աղվեսին փնտրելու ժամանակ Անտոնը մի մոշահավ էլ սպանեց։ Միասին վազեցինք դեպի այն կողմը և փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել և դունչը մոտեցրել էր վերքին։ Նրա կախ ընկած լեզուն արնոտ էր։ Երևում էր, որ լիզել էր վերքի արյունը։ Անտոնն աղվեսին ուսովը գցեց, ես մոշահավերը վերցրի, և մենք վերադարձանք։
Գյուղին չհասած, անտառի բացատում, չոր ճյուղերի կոտրատելու ձայն լսեցի։ Ինձ թվաց, թե պախրան եղջյուրներով ծառի ճյուղերը դեն է հրում, որպեսզի չոր տերևներ հանի ձյունի տակից։ Ետ նայեցի։
Ութ-տասը տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին։ Մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին։ Նրանք մեզ ավելի վաղ էին տեսել և կանգնած նայում էին։
Ահա այդ դեմքն է, որ մեխվել է հիշողությանս մեջ, թեև այն օրից անցել է տասներկու տարի և այն էլ ի՜նչ տարիներ։
Ընկերս լռեց, ես նրա դեմքին տեսա երանության նույն ժպիտը, ինչպես առաջին անգամ, երբ մենք դեռ բարձրանում էինք արահետով։ Ասես աչքի առաջ, ձյունոտ անտառում, տեսնում էր աղջկան, ձեռքին չոր ցախը։
— Տեսա ու կանգնեցի,— դանդաղ շարունակեց նա,— և թեպետ Անտոնն ասաց, թե ում աղջիկն է, ասաց, որ ցախի են եկել, բայց ես նրան չէի լսում։ Հիշում եմ, որ մի անգամ էլ, երբ բացատն անցանք և իջնում էինք գյուղի կալերի վրա, ետ նայեցի։ Չգիտեմ աղջիկը ժպտաց, թե չէ, բայց ինձ այդպես թվաց։ Գլուխը խոնարհեց ու փշրեց ձեռքի բարակ ճյուղը։
Մեր տան պատշգամբից ես տեսա աղջկան՝ ցախը շալակին։ Մեր հետքերով նրանք իջան կալերի վրա։ Մոխրագույն շորեր ուներ, գլխին՝ տանը գործած բրդե շալ։ Ես պատշգամբից նայում էի այն կողմը, իսկ Օհան ապերը ինձ հարցնում էր մոշահավի մասին, Աշոտը նրանց փետուրներն էր պոկում, ես կցկտուր պատասխան էի տալիս և աչքի տակով հետևում, թե ո՛ր տունը պիտի մտնի ցախով աղջիկը։
Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում։
Հենց այդ օրից էլ գլխին կարմիր շոր կապած աղջիկը, որ մինչ այդ իմ քառասուն աշակերտներից մեկն էր, բոլորից ջոկվեց և իմ աչքում դարձավ այն կետը, որի շուրջը պտրտվում էր իմ ներքին աշխարհը։
Ուզում էի իմանալ աղջկա անունը։ Ես հորինեցի մի դաս, երբ աշակերտները պատմում էին իրենց ընտանիքի անդամների մասին։ Եվ որովհետև նրանք երկու քույր էին, դժվար չէր իմանալ, որ անտառում տեսած աղջկա անունը Խոնարհ էր։ Մյուս աշակերտներն էլ մատ բարձրացրին, իրենց տան մասին պատմելու և զարմացան, երբ ես գրատախտակի վրա գրեցի գումարման նոր վարժություն։
Խոնարհ, Խոնարհ… նայում էի գրատախտակի թվերին, աչքերիս առաջ բրդե շալով աղջկա գլուխը, ոտքերը ձյունի մեջ և ձյունի ճերմակության վրա՝ օձի պես սև պարանը։
Այդ դեմքը մերթ սուզվում էր անդունդը, որը սովորական էր դառնում, հիշում էի, որ անտառում մի ծեր աղվես ենք սպանել, երկու մոշահավ։ Մեկ էլ դեմքը մոտենում էր, կանգնում էր աչքիս առաջ, և ես ճգնում էի իմանալու՝ ժպտա՞ց աղջիկը, երբ ետ նայեցի, թե՞ միայն ինձ թվաց։
Անտոնի հետ մի անգամ էլ որսի գնացի։ Բացուտին երբ հասանք, ես մոտեցա այն գերանին, որի մոտ կանգնել էր աղջիկը։ Որսորդն իմ հետևից կանչեց, թե ճանապարհն աջ է ծռվում։ Գերանի մոտ ձյունը ծածկել էր աղջկա հետքերը։ Ոչինչ չէր երևում։ Միայն ծառի տակ ընկած էր մի չոր շյուղ։ Կռացա վերցրի։
Վերադարձին եկանք գյուղի ծուռումուռ փողոցներով, որպեսզի անցնենք նրանց տան առաջով։ Այդ թաղի շներր հաչոցով ինձ վրա վազեցին։ Բայց և այնպես կիսաբաց դռնից նրան տեսա բակում՝ գրկին մի խուրձ խոտ։ Ինձ տեսավ դեմքն իսկույն մյուս կողմը դարձրեց, տուն մտավ։ Ես նկատեցի, թե ինչպես կարմրեց նրա դեմքը։
Այդ օրն այնքան ուրախ էի։ Օհան ապերն էլ նկատեց իմ ուրախությունը և ծիծաղելով ասաց, թե վիզը ծուռ Անտոնի հետ անտառում երևի մի օյին ենք սարքել։ Ընթրիքից հետո բուխարու մոտ նա ննջեց, ես արագ թերթեցի նրա շարականի գիրքը, բրդե թելը ուրիշ թերթի արանքում դրի, որպեսզի առավոտյան Օհան ապերը զարմանա, թե ե՞րբ կիսեց շարականի հաստ գիրքը, կարդա ու կասկածով նայի մեկ ինձ, մեկ՝ Աշոտին։
Ձմեռվա ընթացքում Խոնարհին երկու անգամ տեսա։ Մի ամիս հիվանդ էր և առողջացավ բարեկենդանի տոներից առաջ։ Ես շատ անգամ էի նրա մասին հարցնում նրա քրոջից։ Եվ ամեն անգամ տարբեր պատրվակով, հեռվից հեռու, շատ անգամ իբրև թե պատահաբար, մեջ բերելով ուրիշ խոսք։
Դժվար էր միշտ պատրվակ գտնելը։ Հիշում եմ, երեք օր տեղեկություն չունեի, քաշվում էի հարցնել։ Հանկարծ փոքրիկ աղջիկը գնար և տանն ասեր… Չորրորդ օրը սովորականից շուտ եկա դպրոց։ Քույրը դեռ չէր եկել։ Կանգնել էի մուտքի դռան մոտ։ Աշակերտները վառարանի կողքին տաքանում էին։ Աչքս բլրակին էր։ Հանկարծ երևաց քույրը, ինձ տեսավ և կարծեց, թե հանդիմանելու եմ ուշանալու համար։ Աղղջիկը քայլերը արագացրեց և ինձ երբ հասավ՝ շնչակտուր ասաց.
— Խոնարհն արդեն վեր է կացել…
Հետո ես իմացա, որ նա դեռ չորս օր պառկել է։ Աղջիկը սուտ էր ասել։
Բարեկենդանի մի օր Խոնարհին տեսա։ Մեր դիմացի կտրան աղջիկները խաղում էին, իրար ձյունով տալիս և երգեր ասում։ Շատերի ձեռքին խնձոր կար։ Նրանք նոր շորերով էին՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Նրանց մեջ էր Խոնարհը, նրա հագին երկար զոլերով կարմիր չիթ էր։ Ձեռքերը պահել էր գոգնոցի տակ, կանգնել կտուրի ծայրին և նայում էր ավելի փոքրահասակ աղջիկներին, որոնք զվարթ ծիծաղով իրար հրմշտկում էին և վազվզում կտուրների վրա։
Պատշգամբից ես նրան գունատ տեսա և մի քիչ նիհար։ Նոր շորերի մեջ նա երևաց ավելի բարձրահասակ, մեջքը բարակ։ Կապույտ գոգնոցի թելերը մեջքին հանգույց էր արել։ Պատահմամբ նայեց պատշգամբի կողմը, տեսավ ինձ, հեռացավ կտուրից և խառնվեց աղջիկների խմբին։
Նորից տեսա Խոնարհի սպիտակ դեմքը, նրա մանրիկ աչքերը։ Կարմիր շորերով այդ աղջիկը ինձ թվաց որպես մի բարձրահասակ երեխա՝ գլխին նույն բրդե շալը, ինչ որ առաջ։ Տուն մտա, նրան չխանգարելու համար, որովհետև մյուս աղջիկները քչփչացին, փոքրահասակներից մի քանիսը, որոնք դպրոցում սովորում էին, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձանից։
Անտառն արդեն վերջացել և սկսել էր լեռնային փարթամ մարգագետինը, որի հատուկտոր թփերը ապացույց էին, թե ժամանակին մարգագետնի սևահողերում աճել է կաղնին։
Կանաչների միջով հոսում էր գետակը, որի ակունքները անտառի մթին ձորերի աղբյուրներն էին։ Դրա համար էլ գետակի երեսին, կանաչ խոտերի հետ, լողում էին և չոր տերևներ։
Ձիերը հոգնել էին։ Լեռնային կանաչը գրավիչ էր և՛ մեզ, և՛ հոգնած ձիերի համար։
— Իջնենք, ձիերը թող հանգստանան,— ասաց ընկերս։ Ձիերը լեզվով դուրս հրեցին սանձի երկաթները և ագահությամբ պոկեցին խոտը։ Մենք պառկեցինք գետակի ափին, խոտի վրա։
— Օհան ապերը գրքեր շատ ուներ, հին գրքեր։ Մի կիրակի պատշգամբում նստած կարդում էի նրա հին գրքերից մեկը, կարծեմ Հուստինյանոս թագավորի մասին։ Ձյունը դեռ չէր հալվել, բայց արևի ջերմությունն արդեն զգացնում էր, որ գարունը հեռու չէ։ Այդպիսի օրերին կատուն էլ հեռանում էր թոնրի տաք քարից և աչքերը փակած փռվում արևի տակ։
Մեկը բարձրանում էր սանդուղքով։ Գլուխս վեր հանեցի։ Գիրքը ձեռքիս ղողաց։ Կողքիս կանգնել էր Խոնարհը և մատներով խաղում էր գոգնոցի եզրի հետ։ Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել։ Դրանից էր, որ գրքի տառերը շաղվեցին և գիրքը ղողաց։
— Հայրս խնդրում է ճաշին գաս մեր տունը։
Ինքս էլ չիմացա, թե ինչու պատճառ բռնեցի գիրքր, ասեցի, որ չեմ կարող գալ։ Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց, և ես դեռ ուշքի չեկած, բակից կրկնեց հոր խնդիրր։
Չգնացի, բայց գիրքն էլ բաց չարի։ Անելիքս չգիտեի։ Փորձեցի տետրակներն ուղղել, չկարողացա։ Օհան ապերը եկավ և մինչև իրիկուն միասին էինք։ Այդ օրը ես նրա հետ գոմը գնացի կովերին խոտ ու դարման տալու։
Չգիտեմ ամեն տարի Ձորագյուղում գարունն այնքան սիրուն է, ինչպես այն տարին։ Քարերն էլ էին շնչում գարնան բույրը։ Անտառի հազարավոր լորենիների հոտը գիշեր-ցերեկ գյուղի վրան էր։ Երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ, գլուխս պտտվում էր։
Ձորակներում հիմա էլ կան այգիներ։ Գարնանը ուռել և հասել էին խնձորենու բողբոջները։ Հարկավոր էր մի շաբաթ տաք եղանակ, որպեսզի բացվեին խնձորենու ծաղիկների կարմիր թերթերը և ձորակները բուրեին։ Հեռվից ծաղկած ձառերի սպիտակ ճյուղերը երևում էին ձյունով ծածկված, ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա, գունավոր և հոտավետ փաթիլներով ձյուն։
Գյուղի փողոցներից արևը գոլորշիացնում էր աղբաջուրը, կովերը ջրի գնալիս շլանում էին արևի լույսից, մնչում էին արջառները, հոտոտում, դեսուդեն վազում և ոտքերով փորում թաց գետինը։ Եվ ինչ դժկամությամբ էին նրանք ներս մտնում գոմի ցածր դռնակներից։
Գարնան արև օրերը հիշեցնում էին ինձ, որ շուտով մայիս է։ Դպրոցն արձակելուց հետո նույն ճանապարհով պիտի վերադառնամ և էլ երբե՛ք, երբե՛ք չպիտի տեսնեմ Ձորագյուղը։
Նրանց տունը չգնալու համար փոշմանել էի։ Մի օր էլ փողոցում մայրը հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել։ Ես ուզում էի, որ մեկ էլ կանչեր, թեկուզ մի թեթև ակնարկ աներ։
Այն ժամանակ սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես։ Ես էլ էի պատրաստվում, և աշակերտները սովորում էին երգ ու ոտանավոր։ Հետո մեծահասակ աշակերտները տախտակներ բերին, տներից հավաքեցին գորգ ու կարպետ և սարքեցին բեմ։ Աշակերտներին պատվիրել էի, որ շատ մարդու կանչեն։ Եվ ամեն անգամ աչքս նրա քրոջ կողմն էր։
Կիրակին եկավ։ Գուցե և ոչ մի տարի այդ օրն այնքան բազմություն չէր հավաքվել գյուղի դպրոցում։ Բաց պատուհաններով գարունը այգիներից բերում էր ծառերի բույրը, դպրոցի կտուրի տակ սարյակները բնից բույն էին թռնում աշխույժ ճռվողյունով։ Նրանք էլ էին զուգվել և այնպես փայլում էին սարյակների սև փետուրները։
Բազմության մեջ ես միայն մի գլուխ էի տեսնում, այս անգամ առանց շալի, մազերը կիսած և խնամքով սանրած։ Եվ ի՜նչ բարակ էին նրա շրթունքները։
Ընդմիջումից հետո հանդեսի երկրորդ մասը պիտի սկսվեր մի բանաստեղծությամբ, որ արտասանելու էր նրա քույրը։ Կարպետը շարժվեց, բեմի հետևում երևաց Խոնարհը, իր գլխի սանրով կոկեց քրոջ մազերը։
Մանկան զիլ ձայնով և համարձակ, փոքրիկ աղջիկը ինչ-որ բան էր ասում։ Բազմությունը լուռ լսում էր։ Չէի լսում ես։ Կողքիս Խոնարհն էր։ նրա աչքերում ուրախության ժպիտ կար։ Աչքերը փայլում էին սարյակի փետուրների նման սև։ Ձեռքը բռնեցի։
— Խոնարհս… — ձայնս դողաց։
— Թո՛ղ,— ասաց ու ձեռքը մեկնեց քրոջը, որ ավարտել էր արտասանությունը և որի դեմքը անսովոր հաճույքից կարմիր էր։ Դահլիճում ծափահարում էին, ոմանք զանազան ձայներով, նույնիսկ ձեռնափայտի շարժումով իրենց գոհունակությունն էին հայտնում։
Քիչ հետո հանդեսը վերջացավ։ Ինձ թվաց, թե հանդեսը տխուր անցավ և պղտորվեց գարնան օրը։ Ականջիս տակ նրա խոսքն էր՝ թո՜ղ։ Ձեռքիս էի նայում և ուզում էի ստուգել՝ բռնե՞լ եմ արդյոք նրա ձեռքը։ Ինչո՞ւ այդքան ջերմ էին նրա մատները։
Հանդեսից հետո Խոնարհին մի քանի անգամ տեսա։ Պատահմամբ իմացա նրանց այգու ճանապարհը։ Դասերից հետո գնում էի ձորակը, պառկում Օհան ապոր այգու կապույտ քարին, որից վերև ցանկապատի կողքով նա պիտի վերադառնար իրենց այգուց։ Ոչ մի խոսք չէի կարող նրան ասել, թեկուզ մի քանի անգամ տեսա ցանկապատի հետև։ Հայրը գնում էր առջևից՝ չոր ցախի կապը մեջքին, աղջիկը նրա հետևից, ջրամանն ու հացի շորը թևի տակ։ Հետս գիրք էի առնում, բայց չէի թերթում ոչ մի էջ, որովհետև ամեն ոտնաձայնի նայում էի ճանապարհին։
Մի անգամ միայն ցանկապատի հետևից ինձ նայեց և ժպտաց։ Թվաց, թե հացի շորը դիտմամբ վեր գցեց, որ կռանա և մի քիչ ավելի կանգնի։ Գուցե այդպես չէր, գուցե, իրոք, շորը սահեց ընկավ։ Հիմա էլ պարզ տեսնում եմ նրա դեմքը ցանկապատի փշերի արանքից։ Նույն աչքերն էին, ինչպես բարեկենդանի օրը կտուրի վրա։ Նրա աչքերի մեջ մանկական արտահայտություն կար, թեև տասնհինգ տարեկան էր, և ամուր կոճկած զգեստի տակ երևում էր հասուն կուրծքը։
Ընկերս լռեց։ Ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը, ասես ուզում էր հեռացնի այն դեմքը, որ հին տարիներից ժպտում էր այդքան պայծառ։
Գարնան ջինջ երկնքի վրայով սահում էր մի սպիտակ ամպ, ասես արար աշխարհին հպարտությամբ ցույց էր տալիս, որ անհաս բարձունքում լողանում է արևի շողերի մեջ։
Եկավ և վերջին օրը։ Դպրոցն արդեն արձակել էի, աշակերտներին բաժանել էի հին տետրակները, վերադառնալու պատրաստություն էի տեսնում։ Օհան ապերը առավոտը շարական չէր կարդում։ Վաղ լուսաբացին նա գնում էր այգի, կամ վարուցանքի հոգսի հետևից էր։
Հրաժեշտը դժվար էր։ Տանն ընտելացել էին ինձ, ես դառել էի մտերիմ մարդ և՛ Օհան ապոր, և՛ Աշոտի, և՛ պառավ նանի համար։ Բակում ձիապանը բարձում էր իրերս, նանին պայուսակի մեջ դարսում էր գաթա և ճանապարհի պաշարը։
Խոնարհին մի քանի օր չէի տեսել։ Ինձ թվում էր, թե ես նրան էլ չեմ տեսնելու։ Եվ միանգամ էլ տեսնելու պահանջը ինձ ստիպեց արագ-արագ անցնել գյուղի փողոցներով, մի վայրկյան կանգ առնել նրանց տան առաջ և բաց դռնով նայել բակին։
Խոնարհին բակում չտեսա։ Փողոցում մարդ չկար, բոլորն աշխատանքի էին, արտերում սկսվել էր քաղհանը, այս ու այն սարալանջից լսվում էր հորովելի ձայնը։ Մի տեղ աշունքվա մուգ-կանաչ արտերն էին, մի տեղ գարնան սև ցելը։
Օհան ապերը մի քանի խրատներ կարդաց։ Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա։ Նանին ձիապանին պատվիրում էր ինձ լավ տանել և զգույշ մնալ, որ պայուսակը չընկնի, միևնույն ժամանակ գոգնոցով սրբում էր թափվող արցունքը։
Անցանք փոքրիկ ձորակը, աղբյուրը և ուռենու հաստ նովը, ուր ձմեռը կովերը ջուր էին խմում։ Ահա և Օհան ապոր այգու դռնակը։ Արագ բարձրացա ձորակով, դռնակը բաց արի, մոտեցա այգու կապույտ քարին, ցանկապատի հետևը մարդ չկար։ Այգում խաղաղություն էր, ծաղկաթափ էին ծառերը և բողբոջների փոխարեն նշմարվում էին կանաչ ու մանրիկ պտուղները։
Դպրոցի մոտ երեխաները խմբվել էին։ Նրանք ինձ տեսան և իջան բլրակով։ Որպիսի՜ միամիտ պարզությամբ նրանք ինձ բարի ճանապարհ ասեցին։ Մի քանիսը ծաղիկներ էին բերել։ Հենց որ մեկը ինձ մեկնեց ծաղիկը, մյուսներն էլ նրա օրինակին հետևեցին։
Աղջիկներից ոմանք լաց եղան։ Նրանք և՛ ժպտում էին, և՛ ժպիտի հետ սրբում էին արցունքը, որ ծորում էր աղբյուրի պես։ Լաց էր լինում և Խոնարհի քույրը։
Մեկը թե՝ «Ուսուցիչ, մեզ լմոռանաս»։ Լավ հիշում եմ Ճուտիկին, որը միշտ դպրոց էր գալիս հոր մեծ փափախը գլխին և երկար, հնամաշ տրեխներով։ Որբ էր Ճուտիկը, լռիկ-մնջիկ մի երեխա, որին բոլորը սիրում էին։ Խմբի մեջ Ճուտիկն էլ էր։ Մյուսների պես նա մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, քիչ մնաց ընկներ։ Ճուտիկը փաթաթվեց ծնկներիս։ Մեծ փափախի տակից տեսա նրա խելոք աչքերը։ Եվ այնքան խեղճություն կար Ճուտիկի աչքերում։
Ձիապանի կանչը ինձ հիշեցրեց, որ ժամանակն է հրաժեշտ տալու։ Մանուկները մի անգամ էլ ձեռք տվին։ Կռացա և համբուրեցի Ճուտիկի ճակատը, ինչպես Օհան ապերը` իմ ճակատը։ Իմ աչքերում արցունք երևաց, արցունքի միջից մի անգամ էլ տեսա այգու դռնակը, դպրոցի ներկած թիթեղները։ Հետո ծառերը ամեն ինչ ծածկեցին։
Քայլում էի ձիապանի հետևից։ Մինչև զառիվայրի սկիզբը ճանապարհն անցնում էր փոքրիկ տափարակով։ Կանաչ արտերում քաղհան էին անում։ Մի քիչ վերև, սարալանջին, եզները դանդաղ քաշում էին արորը, և հանգստացած հողը շրջում ակոսի մեջ։ Արտերում կանաչի մեջ երևում էին կարմիր-կապույտ ծաղիկներ։ Բացվում էր պուտը։
Սպիտակ քարի մոտ, գոգաձև ընկած երկարադարձ արտերում քաղհան անող կանանց մեջ տեսա Խոնարհին։ Մեր հայացքներն իրար հանդիպեցին, և ես նրա աչքերում ժպիտ չտեսա։ Ի՞նչ էր ասում. նրա համար դժվա՞ր էր, որ ես հեռանում եմ Ձորագյուղից, չէ՞ որ ինձ ոչինչ չէր ասել այդ խոնարհ աղջիկը։ Հագին նույն գորշ զգեստն էր, ինչպես առաջին անգամ անտառում։ Արտի մեջ կանգնել էր, ձեռքին քաղհանի բիրը, կարմիր պուտ և մոլախոտի մի կապ։
Ոչինչ չասացի, հեռացա։ Արահետով բարձրանալիս միշտ ետ էի նայում։ Կռացած կանայք կանաչին ընկած թռչունների էին նման։ Եվ այդ երամից մեկը, գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին։ Ձորի գլխին կանգնեցի, և երբ աղջիկը մի անգամ էլ բարձրացավ, նայեց իմ կողմը, ձեռքով արի։ Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա։ Ես արագացրի քայլերս ձիապանին հասնելու։
Երբ ընկերս լռեց, ինձ թվաց, թե գետակը նույն հանգով է պատմում, խոսում է նույն կերպ, ինչպես նա, որ մեջքին ընկած փակ աչքերը երկնքին, անգիր ասում էր մի ծանոթ պատմություն, գրված Օհան ապոր հին գրքերում։
Վեր կացա, թուլացրի ձիու թամբի կապերը։ Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ։
Հետո, տասներկու տարի… Եվ ի՜նչ տարիներ։ Կռիվ, քաղց, երկրներ ու քաղաքներ, հազարավոր դեմքեր, տարբեր ցեղից, անցքեր՝ մեկը քաղցր, մյուսը դառն հիշողության հետ կապված… Եվ նրանց մեջ Խոնարհի դեմքը, ցանկապատի փշերի արանքից երկու մանրիկ աչքեր, որպես սև ձիթապտուղ, և բարա՜կ, կարմիր շրթունքներ։
Հանկարծ ընկերս կողքի դարձավ, վիզը ձգեց իմ կողմը։ Նրա աչքերն ավելի մեծացան։
— Գիտե՞ս, ես Խոնարհին տեսա։
— Ե՞րբ։
— Երեկ։ Վերին գյուղում։ Դու քնել էիր, դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները։ Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս։ Այս տարվա ժանտախտից էին խոսում։ Շատ կովեր են սատկել, ոմանք ցել անելու եզ չունեն։ Հետո ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտքերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած։ Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա։ Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը։
Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչև հունձը։
— Հետո մի ճար կլինի,— ասաց։
Ամուսինն անցյալ տարի էր մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը։ Իսկ տանն ուրիշ աշխատող չկար:
Ես ճանաչեցի Խոնարհին… Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի։ Ես ճանաչեցի Խոնարհին։ Բայց չգիտեմ նա ինձ ճանաչե՞ց, թե ոչ։
…Անխոս նստեցինք ձիերը և անցանք գետակը։ Արևն արդեն դեպի մայրամուտ էր կախվել։ 

суббота, 15 октября 2016 г.

Եղիշե Չարենց


Վահան Տերյան



Վահան Տերյան



Եղիշե Չարենց կենսագրություն

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:
20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «... Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):
1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:
1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկին երկու սանիտար, երկու սանիտար էլ դնել բժիշկների տրամադրության տակ: «Առաջարկում են պպ. բժիշկներին սանիտարների վերաբերյալ ամենախիստ ընտրություն կատարել և նրանց ցուցակը ներկայացնել ինձ հաստատության համար»: Երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը:
... Համաձայն ընդհանուր կարգի` զինվորները պարտավոր էին «ոտքի լինել» առավոտյան ժամը 5-ին, մեկ ժամ հետո տրվում էր առավոտյան թեյը, 6:30-ից մինչև 9:30-ը «բոլոր վաշտերում ու ջոկատներում» սկսվում էր մարզանքը, 11:30-ին ճաշն էր, որից հետո հավանբար հանգիստ էր տրվում, ստուգումը, որով ավարտվում էր զինվորների աշխատանքային օրը, կատարվում էր երեկոյան ժամը 8-ին:
Սեպտեմբերի 6-ից սկսած «յուրաքանչյուր երեկո բանակի հերթապահի կարգադրությամբ ժամը 8:30-ից ոչ ուշ նվագում է ազդարարը, որով զինվորները և բոլոր պաշտոնյաները հավաքվում են բանակի առաջին գիծը և շարվում բաց կազմով: Անմիջապես վաշտերում և բաժանմունքներում կատարվում է մարդկանց ստուգումը. կարդացվում է հաջորդ օրվա հրամանը, նշանակվում են ներքին ծառայության օրապահները և հերթապահները, կատարվում են առանձին կարգադրություններ հաջորդ օրվա համար և երբ ամեն ինչ վերջանում է, բանակի հերթապահը հրամայում է` «Հանդարտ»: Դրանից հետո երաժիշտները նվագում են Կոչը, երից հետո երգվում է աղոթք, այնուհետև հերթապահի հրամանով մարդիկ ցրվում են վրանները ազգային քայլերգի նվագակցությամբ»:
Օգոստոսի 17-ից «կանոնավոր կերպով սկսվում են Զ և Է գումարտակներում հրացանաձգության վարժություններ: Նախորդ օրը ստացել էին «զինվորական բոլոր պարագաները, այն է` ջրաման, պայուսակ իրեղենների, տոպրակ երկուական հատ, մեկը ուտեստի պաշարի, մյուսը թել-ասեղի համար, փամփուշտակալներ, կացիններ, կերակրամաններ, յուրաքանչյուր տասնյակի համար մի չայնիկ, թեյամաններ, յուղամաններ, ուսադիրներ,— բոլոր պարագաները, ինչ որ հրահանգված է տնտեսական մասի կառավարողին»:
Կամավորներին ռազմական գործին վարժեցնում էին ցարական բանակից հատուկ այդ նպատակով հրավիրված կադրային հայ զինվորներ ու ցածրաստիճան սպաներ: Կամավորականների համար 1915-ին հաստատվում է միասնական զինվորական հանդերձանք` կանաչ ուսադիրներով, որոնց վրա կարդացվում էին АД տառերը (армянские добровольцы) գծիկով, որին հաջորդում է համապատասխան գումարտակի համարը (ասենք` АД-6):
Չարենցը 6-րդ կամավորական գումարտակի 864 զինվորներից 373-րդն էր: Նա հրաժարվում է սանիտարի պարտականություններից և որպես 2-րդ վաշտի շարքային զինվոր մասնակցում մարտական գործողություններին: Գումարտակում մեծ թվով հնչակյանների կային, որի պատճառով այն կոչվում էր «հնչակյան»:
1915թ. սեպտեմբերի 30-ին գումարտակն սկսում է իր մարտական ուղին: Չարենցի հետ նույն վաշտում ծառայած զինվոր Թորգոմ Գևորգյանի վկայությամբ գումարտայը առանց կռիվների հասնում է Վան, այնտեղից` Անգեղ գյուղը, որի դիմաց գտնվող Արտոս լեռան մոտ էլ սկսվում են կատաղի կռիվները թուրքերի հետ: Կամավորական գումարտակն ազատագրում է Նարեկը և Աղթամարը: Այնուհետև, մինչև նոյեմբեր ամիսը ծանր մարտեր են մղում Ոստանի շրջակայքում: Հաջորդ կռիվը տեղի է ունենում 1915թ. դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Ճակատամարտից հետո 2-րդ վաշտը գիշերում է Շեյթանաբադ գյուղում, որտեղ, քրդական դարանակալ հարձակումից ամբողջովին ոչնչանում է: Չարենցը փրկվում է հրաշքով, քանի որ, իր իսկ խոսքերով, հետ էր ընկել վաշտից: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:
1916թ. կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս, այնտեղից` Կարս, հետո` Կարինե Քոթանջյանի հորդորով` Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է Աբգար աղան: «Ուզում էի Մոսկվա գնալ: Հնարավորություն չկար: Աբգար աղան ու մայրս դեմ էին: Վերջը մայրս համոզվեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիվ ելքը գտնվեց. չգիտեմ` մորս աղաչանքներն օգնեցին, թե Աբգար աղայի շահասիրությունը: Համաձայնվեցին, որ գնամ սովորելու և, միաժամանակ, Աբգար աղայի մոսկովյան գործակալ դառնամ` գորգավաճառության գծով: — Տո, ե՜ս... ու առևտրական գործակալ... Ինչ արած, համաձայնվեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տվեց: Էփեջա փող ընկավ ձեռքս»,— այսպես է նկարագրում Չարենցն այս միջադեպը:
1918թ. հունիս-հուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատույցներում մասնակցում է քաղաքացիական կռիվներին: Իսկ մինչ այդ, թուրքական հարձակումից Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը և հաստատվում Մայկոպում:
Պարտվելով համաշխարհային պատերազմում և 1918թ. հոկտեմբերին կնքելով Մուդրոսի զինադադարը թուրքական բանակը սկսում է նահանջել: Դա հույսի և ոգևորության նոր ուժ է հաղորդում աշխարհասփյուռ հայությանը, որոնք սկսում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Այպես 1919թ. վերակենդանանում է նաև Կարսը: Համընդհանուր այս ոգևորությանը անմասն չի մնում նաև Չարենցը, որն իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ գնում է ծննդավայրը` ուսուցչությամբ զբաղվելու:
Չնայած պատերազմի ավերածություններին` 1919թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կարսի շրջանում բացվում է 75 դպրոց, որոնց կեսը հայկական էր: Կային նաև ռուսական, հունական, քրդական, թուրքական դպրոցներ:
Չարենցն ու Աբովը դասավանդում էին Բաշքյադիքլարի դպրոցում: Այստեղ է, որ երիտասարդ ուսուցիչները ստիպված ձեռք են բերում պարսկական անձնագրեր, քանի որ զորակոչային տարիքի մարդկանց (մինչև 25 տարեկան) չէր թույլատրվում ուսուչցությամբ զբաղվել: Բաշքյադիքլարը Կարս—Ալեքսանդրապոլ երկաթգծի փոքրիկ կայարաններից մեկն էր: Այնտեղի դպրոցն ուներ երեք դասարան` 152 աշակերտով: Թուրքական ավերածությունները, սովը, երկրի քայքայված տնտեսությունը ծայրահեղ ծանր դրություն էին ստեղծել Կարսի շրջանում: Գյուղը աղքատ էր, դպրոցի շենքը` կիսավեր, պատուհանները ծածկված էին թիթեղներով, դասարանը միաժամանակ ուսուցիչների ննջարանն էր: Դպրոցի վիճակը ամենալավը նկարագրել են հենց երիտասարդ ուսուցիչները. «Քարեր շարեցինք մեր սենյակների հողե հատակին որպես նստարաններ, իսկ դասասեղաններին փոխարինում էին երեխաների ծնկները, գրատախտակի տեղ պատին փակցրեցին թիթեղյա թերթ, կավիճի փոխարեն գտանք ածուխ, բաժանեցինք մեր շալակով բերած տետրակներն ու մատիտները և անցանք պարապմունքների: Ընդամենը մի այբբենարան ունեինք, որ մի աշակերտի ձեռքից առնում մյուսին էինք տալիս` կարդալու համար, ամեն մի գրքի նայում էին իրար գլխի հավաքված մի խումբ աշակերտները: Նրանց թիվը շատ էր: Հաճախում էին 8-15 տարեկան հասակի բոլոր երեխաները, բոլորն էլ անգրագետ և համարյա բոլորն էլ ցնցոտիապատ և բոկոտն»:
1920թ. սեպտեմբերին, թուրքական արշավանքի հետևանքով փակվում է Բաշքյակիքլարի դպրոցը:
Հարկ ենք համարում նշել, որ հայ գրողներից ու բանասերներից առաջինը Գարեգին Լևոնյանն է (աշուղ Ջիվանու որդին), որ 1916թ. «Դանթեական առասպել» պոեմի հրատարակությունից հետո, «Մշակ» թերթում անդրադարձել է Չարենցին. «Նոր մարդ է Եղիշե Չարենցը, անծանոթ մեր գրական միջավայրում: ...Ով էլ, որ լինի նա, երևում է երիտասարդ է, եղել է կամավոր, ռազմի դաշտ գնացել «որպես հարսանիք», բայց այնտեղ զարհուրելի բան տեսնելուց և կռվի մեջ երեք մտերիմ ընկերներին կորցնելուց հետո ընդհանուր նահանջի ժամանակ վերադարձել է իր քաղաքը: Ահա իր այդ տպավորություններն է, որ սկսնակ գրողը հյուսել է գաղափարական արվեստով և կազմել «Դանթեական առասպել»: ...Եղիշե Չարենցը ընդունակ է իր նյութը հետաքրքրական դարձնելու, սահուն և պատկերավոր ոճ ունի և գաղափարական արվեստին տեղյակ է կանոնավորապես»:
1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի անդամներն էին Լեռ Կամսարը (Արամ Թովմաղյան), Համբարձում Մազմանյանը, Հայկ Աճեմյանը, Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան), Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան), Վեսպերը (Մարտիրոս Դաբաղյան), Արտաշես Աբեղյանը և ուրիշներ: Ընկերության պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը:
Հայ գրական միությունը նշանավոր գրողներին ու գրականության զարգացման հեռանկարներին նվիրված երեկոներ էր կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ Ն. Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: Դեռ 1917թ. Աղբալյանը ծանոթացել էր Չարենցի բանաստեղծություններին ու «Դանթեական առասպել» պոեմին և նկատել երիտասարդ բանաստեղծի տաղանդը:
1919թ. դեկտեմբերին Չարենցը թողնում է Բաշքյադիկլարի դպրոցը, գալիս Երևան և 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում:
Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին: 1921թ. փետրվար-ապրիլ ամիսներին Չարենցը Կարմիր բանակի շարքերում մասնակցում է մարտական գործողություններին:
1921թ. մայիսին Չարենցն ամուսնանում է Արփիկի` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, և հունիսին նորապսակները մեկնում են Մոսկվա` սովորելու Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում:
1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը:
1924թ. նոյեմբերին Չարենցը մեկնում է ճանապարհորդության: Այցելում է Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան: Նա ցանկանում էր լինել նաև Ամերիկայում, սակայն նրան մուտքի թույլտվություն չեն տալիս: Դեկտեմբերին Պոլսում Չարենցը գրում և հրատարակում է իր «Ստամբոլ» պոեմը: Պոլսահայ գաղութի կյանքը ծանր տպավորություն է թողնում Չարենցի վրա: «Թե որքան ողորմելի է այստեղ հայ գաղութի կյանքը` դժվար է պատկերացնել,— մարդիկ պարզապես քարշ են տալիս խղճուկ մի գոյություն... իսկ կառավարությունը, թուրք հասարակությունը, մամուլը և այլն, աշխատում են պահել նրանց արհամարհանքի, իրավական տեռորի, հայհոյանքների այնպիսի մի մթնոլորտում, որից մարդու մազերը կարող են բիզ-բիզ կանգնել»,— գրում է բանաստեղծը:
Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը: Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.
— Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:
1925թ. հուլիսին Չարենցը վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:
1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:
Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը: «Ամեն մի գրքի շուրջը նա երկար զրույց էր ունենուն նկարչի հետ, նրան ոճային ուղղություն էր տալիս, որպեսզի գիրքը զգեստավորեր իր բովանդակության համաձայն»,— հիշում էր Հակոբ Կոջոյանը:
Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:
«Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում...
— Շնորհավորում եմ,— մեկնեց նա իր ձեռքը մեզ:— Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»,— հիշում էր Կարո Մելիք-Օհանջանյանը:
Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:
1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:
Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն...
Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:
Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: